ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարդան Օսկանյանի նոր արկածախնդրությունը

Վարդան Օսկանյանի նոր արկածախնդրությունը
26.10.2012 | 12:30

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր և 2013-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանը քաղաքական հայտարարություններ անելու, իշխանությանը քննադատելու և հանրության հետ իր մտքերով անկեղծանալու լավագույն հարթակն ընտրել է Facebook սոցիալական ցանցի տիրույթը, որտեղ պաշտոնաթող դիվանագետը ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում` այս ամենը վերածելով քաղաքական «բլոկբասթերի»:

Ֆեյսբուքյան տիրույթում Վարդան Օսկանյանի վերջին գրառում-հայտարարություն-կարծիքը նվիրված է Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս պատասխանատուների վարած քննադատությանը, որտեղ մասնավորապես նշված է. «Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի` անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը»: 10 տարի նախաձեռնողականության իսպառ բացակայությամբ ու ազգային-պետական և ոչ մի խնդրում հաջողության չհասած պաշտոնաթող դիվանագետը, ըստ էության, մեղադրում է իշխանությանը արտաքին քաղաքականության բնագավառում «պասիվության և զբոսաշրջության» գործում, մինչդեռ 1998-2008-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունն աչքի է ընկել ոչ թե նախաձեռնողականությամբ, այլ ճիշտ հակառակը` մեկուսացմամբ: Վարդան Օսկանյանի «քոմփլեմենթար» քաղաքականությունը փորձ անգամ չի արել օգուտներ քաղելու տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններից և վերադասավորումներից:
Ի՞նչ հաջողություններ է ունեցել Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և Հայաստանի առջև ծառացած այլ արտաքին վտանգների կանխարգելման հարցերում: Ճիշտ է, վերը նշված հարցերում առաջընթաց չի նկատվել նաև 2008-ից հետո, երբ Վարդան Օսկանյանը այլևս չէր զբաղվում արտաքին քաղաքականությամբ, սակայն որոշակի դրական փոփոխություններ են նկատվել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման խնդրում: Այսպես, 2008-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնակետին չհասավ, սակայն միջազգային հանրությանը վերջնականապես ապացուցվեց, որ խնդրի լուծմանը խոչընդոտող բանալին ոչ թե Երևանում է, այլ Անկարայում, այլ կերպ ասած` Հայաստանի իշխանությանը հաջողվեց աշխարհաքաղաքական միավորներին ցույց տալ, որ, ի տարբերություն 1998-2008 թթ. արտաքին քաղաքականության պատասխանատուների, իրենք պատրաստ են քննարկելու առկա խնդիրներն ու լուծման ուղիների փնտրտուքում ջանքեր գործադրելու: Եվ հենց սա էր պատճառը, որ, ի տարբերություն Օսկանյան Վարդանի նախարար աշխատած տարիների, 2008-ից հետո Արևմուտքը Հայաստանի հետ որակապես այլ հարաբերությունների կառուցման ուղի ընտրեց, և դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններին այլընտրանք չի տեսնում:
Ինչևէ, դեռևս առիթներ կլինեն համեմատելու ներկա և նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության արդյունավետությունը, բայց ներկայումս առաջնահերթություն ենք համարում վերլուծել «փոփոխված միջազգային իրավիճակի» համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան առաջարկությունները և մտորելու որոշակի նյութ տալ նրան: Այսպես, Օսկանյանը գրում է.
1. «Հայաստանի դիվանագիտությունը պետք է շեշտադրումները փոխի և հրապարակային հայտարարություններում ու կուլիսային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի` արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը»:
Հարց` ի՞նչ է փոխվել 2008-ից ի վեր, որ Հայաստանի նախկին իշխանությունը չէր անցնում «Լեռնային Ղարաբաղի` արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը»: Արդյո՞ք տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական «երկրաշարժ է» տեղի ունեցել, ինչի պատճառով փոխվել է տարածաշրջանում գերտերությունների միջև առկա ուժերի հավասարակշռությունը, որի արդյունքում էլ նրանք պատրաստ են աջակցելու այս գործընթացին: Արդյո՞ք սա չի նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող բանակցային ձևաչափից, բանակցությունների փիլիսոփայությունից և պայմանավորվածություններից հրաժարում, և արդյո՞ք սա չի ազատի Ալիևի ձեռքերը նոր պատերազմ սանձազերծելու ճանապարհին: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը կհամարվի ավարտված, ինչին այդքան շատ ձգտում են Բաքվում:
2. «Այս ճանապարհին որպես առաջին քայլ, հաշվի առնելով նաև Սաֆարովի դեպքը, Ադրբեջանի ռազմական հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու բանակցությունների` փակուղում լինելու փաստը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը` որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր: Պայմանագրի ստորագրումը պետք է լինի երկու նախագահների մակարդակով: Այս պահի դրությամբ, առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, դա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Հայաստանն արդեն սկսել է առաջին քայլերը կատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու փաստի ճանաչման հարցում»:
Հարց` արդյո՞ք Ալիև Կրտսերի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընթացող բանակցությունները փակուղում չէին: Չէ՞ որ 1998-2008-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չգրանցվեց, դեռ մի բան էլ ավելի` ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից: Ի՞նչ փոփոխություն է եղել, որ ներկայումս բանակցությունները փակուղում են հայտնվել, արդյո՞ք նախկին իշխանության օրոք այդ բանակցությունները կառուցողական էին, և Ադրբեջանը ո՛չ սահմանային սադրանքների էր դիմում, ո՛չ էլ ռազմական հռետորաբանությամբ էր զբաղված: Նշենք, որ Օսկանյանի առաջարկության անհեթեթությունն այն է, որ նա առաջարկում է առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու` Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող երկկողմանի փաստաթուղթ ստորագրել, ինչը կարևոր ազդանշան կլինի Ադրբեջանին առ այն, որ սկսվել է Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Հենց սա է Օսկանյանի «դիվանագիտական տաղանդի» բովանդակությունը, երբ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում ունեցող մարդը փորձում է «ռետինե խողովակի» (իմա` շլանգի) տեղ դնել ոչ միայն Ադրբեջանին, այլև միջազգային հանրությանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ծանոթ գործիչներից աշխարհում ո՞վ չի հասկանում, որ ՀՀ, ԼՂՀ և աշխարհասփյուռ հայության նպատակը Հայաստանի և Արցախի վերջնական միավորումն է, և որ ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրն ընդամենը տակտիկական քայլ է, միջազգային իրավունքի ընթացակարգային պահանջ: Ո՞վ չի հասկանում, որ 8 միլիոն բնակչություն ունեցող և հսկայական նյութական ռեսուրսների տիրապետող Ադրբեջանին 150000 բնակչություն ունեցող ԼՂՀ պաշտպանության բանակն ի զորու չէ դիմակայելու, և Ղարաբաղի անվտանգությունն ապահովվում է ՀՀ ԶՈՒ և ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ: Ի վերջո, արդյո՞ք ուղերձ չէ Ադրբեջանին ու միջազգային հանրությանը այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ, գիշերվա կեսին շարում բանակը, և ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը պատվում է ՀՀ նախագահին` դիմելով «Պարոն Գլխավոր Գերագույն հրամանատար»:
3. «Հիմնավորելով, որ արձանագրությունների ստորագրումից արդեն երեք տարի է անցել և Թուրքիան դրանց վավերացման ուղղությամբ որևէ քայլ չի արել, Հայաստանի իշխանությունները, եթե նույնիսկ դեռ պատրաստ չեն իրենց ստորագրությունը հետ կանչելու արձանագրություններից, ապա գոնե պետք է դրանք հետ կանչեն Ազգային ժողովից»:
Եվ ի՞նչ կտա այս քայլը Հայաստանին: Հրաժարվել մի քայլից, որ միշտ էլ կարելի է անել, նշանակում է «օդ կրակել», հատկապես, երբ հակադիր կողմից, կարծես, առանձնապես լուրջ հակահայկական քայլեր չեն ձեռնարկվել, որին պետք է ինչ-որ կերպ պատասխանել: Ի դեպ, երբ Վարդան Օսկանյանը խոսում է Թուրքիայի «Զրո խնդիրներ հարևանների հետ» տապալված քաղաքական ծրագրից և դրանում Հայաստանի շահն է փնտրում, ապա պետք է նկատել, որ նեոօսմանիզմի գաղափարախոսությունից բխող «Զրո խնդիրներ հարևանների հետ» ծրագրից Հայաստանը կարող էր որոշակի օգուտներ քաղել ու դիրքային խաղում բարելավել իր դիրքերը, երբ դրա ճարտարապետներ Էրդողանն և Դավութօղլուն 2000-ականների սկզբներին փորձում էին իրագործել իրենց գաղափարները: Իսկ Հայաստանում ո՞վ էր իշխանության գլուխ կանգնած 2000-ականների սկզբներին, և ինչո՞ւ ոչ մի նախաձեռնողականություն չցուցաբերվեց: Որքա՞ն է ներկայումս ճիշտ խոսել մի քաղաքականությունից օգուտ քաղելու մասին, երբ դա արդեն տապալված է:
Ինչևէ, աշխատելով շատ չծավալվել օսկանյանական ծրագիր-խորհուրդների մեկնաբանություններում, նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության այս մոտեցումը միայն անձնական կարծիք չէ: Երեկ ԱԺ-ում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցերին ու տարվող քաղաքականությանն ուղղված նույնաբովանդակ քննադատությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը` հերթական անգամ ապացուցելով, որ ԲՀԿ-ն ոչ միայն պատրաստ չէ ստանձնելու երկրի կառավարումը, այլև ազգային-պետական խնդիրների մասին ունի վտանգավոր պատկերացումներ ու մոտեցումներ:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 23759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ